Ագռավաքար
03.12.2019 | 02:14
VIII. 2008 ԹՎԱԿԱՆԻ «ՄԱՐՏԻ ՄԵԿԻ» «ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԸ»
Մոլեգնած ամբոխի վարքականոնները ճանաչելով, Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ չափազանց հեռու է գնացել նրան անհամբերության զգացում սերմանելու հարցում, բայց չհամարձակվեց իր վրա վերցնել իրադարձությունների հետագա զարգացման պատասխանատվությունը: Առաջնորդը, «Ազատության» հրապարակում անգործ կանգնելուց բացի, ուրիշ ոչինչ չէր կարող առաջարկել ամբոխին: Առաջնորդը պարզապես ինքնամեկուսացավ:
Զանգվածները չեն հանդուրժում անգործություն և անհամարձակություն, «զանգվածները հարգում են միայն ուժը»: Ոչ ընդդիմությունը, ոչ պետական մարմինները ոչինչ չձեռնարկեցին իրավիճակը հանդարտեցնելու համար:
Հատուկ ծառայությունները շփոթված էին՝ իրենց անծանոթ իրավիճակում չտիրապետելով համապատասխան գործիքակազմի. այդպես ծնվեց խնդրի ուժային լուծման գաղափարը: Օպերային թատրոնի շենքի հարակից տարածքում տեղավորված «վրանային կայանավայրը» ցրելու նպատակով, ուղարկվեցին ոստիկանական ստորաբաժանումներ, որոնք գործեցին կոպիտ և անխոհեմ, ձգտելով ղեկավարությանն ի ցույց դնել իրենց ջանքերը: Այդ պահին Լևոն Տեր-Պետրոսյանը «թույլատրեց» իրեն տրամադրված թիկնապահներին Ազատության հրապարակից իրեն տուն տանել՝ բողոքի զանգվածներին թողնելով առանց ղեկավարման:
Որբացած ընտրազանգվածների խմբերն անիմաստ թափառում էին քաղաքում: Ընդդիմության առաջնորդը, որն ավելի վաղ հայտարարել էր «ընդմիշտ իր ժողովրդի հետ լինելու» մասին, անհետացել էր՝ հետագայում արդարանալով, որ գտնվել է «տնային կալանքի տակ»:
Այդ ընթացքում, իր ուժը զգալով, ամբոխը մոլեգնում էր: «Ղարաբաղ» կոմիտեի որոշ նախկին անդամներ փորձում էին իրենց ուժերով մեղմել իրավիճակը, բայց ամբոխը պահանջում էր իր առաջնորդին. «Լևո՛ն» և գործողություններ…
Այդ իրավիճակում, Լ. Տեր-Պետրոսյանի անունից, բողոքի զանգվածներին առաջնորդեց ՀՀՇ-ի աճեցրած Նիկոլ Փաշինյանը, որն ընդդիմության բոլոր միջոցառումներին մշտապես Լ. Տեր-Պետրոսյանի կողքին էր: Լինելով անզուսպ երիտասարդ, Նիկոլ Փաշինյանը՝ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամների և մյուս խելամիտ գործընկերների հորդորներին չհետևելով, էլեկտարականացած ամբոխին սադրեց ակտիվ գործողությունների ոստիկանության աշխատակիցների դեմ, հասարակական կարգի խախտումների: Ամբոխը սկսեց շուռ տալ ավտոմեքենաներ, կոտրել հաստատությունների, խանութների ցուցափեղկերը, ծեծել հասարակական կարգի պահապաններին և այլն, իրենց անվերահսկելի գործողություններում հասնելով սանձարձակությունների՝ խելակորույս վիճակում անպատժելի զգալով իրենց:
Իշխանական օղակների անճարակության փաստի առջև հայտնվելով, հանրապետության նախագահը, սահմանադրական կարգի պաշտպանության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով, հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին, ներքին գործերի մարմիններին և զինված ուժերի ստորաբաժանումներին հնարավորություն տալով իրականացնելու իրենց պարտականությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և զինվորական կանոնադրությունների հիման վրա:
Ճի՞շտ էր տվյալ որոշումը: Հավանաբար, այո՛: Հնարավո՞ր էր խուսափել իրադարձությունների նման ընթացքից: Ըստ երևույթին, հնարավոր էր: Այլ խնդիր է, որ մասնագիտական բարձրության վրա չգտնվեցին հատուկ ծառայությունները, որոնք պարտավոր էին մանրազնին ուսումնասիրել և անկողմնակալ գնահատել հանրապետության քաղաքական և օպերատիվ իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել՝ ծայրահեղական երևույթները կանխելու նպատակով:
Այն կապակցությամբ, որ Նիկոլ Փաշինյանի 2008 թ. մարտի 1-ի գործողությունները արձանագրել են հատուկ ծառայությունների տեսանկարահանող սարքերը, որպես ամբոխներին անկարգությունների ակտիվ հրահրողի, նրա դեմ հարուցվեց քրեական գործ: Ն. Փաշինյանը որոշ ժամանակ թաքնվեց արդարադատության մարմիններից, սակայն «ավագ ընկերների» խորհրդով, հավանաբար, ապագայի համար համապատասխան կենսագրություն ստեղծելու նպատակով, ի վերջո, հանձնվեց իշխանություններին և ստացավ բանտային կալանքի համապատասխան պատժաչափ, որը կրճատվեց համաներման միջոցով:
Քաղաքական ճգնաժամից համապատասխան եզրահանգումներ կատարեցի՞ն իշխանավորները: Հայտնի չէ: Սակայն Սերժ Սարգսյանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության նախագահ, ինչպես ժողովուրդն է բնորոշում, «արյան վրա» գալով իշխանության: Չնայած, այո, եզրահանգումներ կատարվեցին: Հետագայում, Հայաստանում բոլոր այսպես կոչված «ընտրությունները» անցան իրեն «իշխանության կուսակցություն հռչակած» Հայաստանի հանրապետական կուսակցության աչալուրջ հսկողության տակ:
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի եղած ժամանակ խիստ ակտիվացան արտագաղթը և մեծաքանակ դիմումները ՌԴ դեսպանություն՝ ռուսական քաղաքացիություն ստանալու նպատակով:
Հանրապետությունում աննախադեպ չափերի հասավ կոռուպցիան, հսկայական չափերով խորացավ հարուստների և աղքատների միջև անջրպետը, ճոխ գույներով ծաղկեց առևտուրը, այդ թվում` պաշտոնների: Սանձերը բաց թողած տարբեր մակարդակների պաշտոնյաները և պատգամավորները, բառացիորեն գնելով «անձեռնմխելիություն»՝ ընտրազանգվածի ներկայացուցիչներին կաշառելու միջոցով, ոչ միայն ձեռք բերեցին անպատժելիություն, այլև, ի վերջո, փչացրին հանրապետության բնակչությանը:
Քավորության, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտում աղտոտված պաշտոնյաները գոյատևում էին բնակչությունից մեկուսացած, զբաղվելով, հիմնականում, անձնական հարստացմամբ:
IX. «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ» ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ
Հայոց հողի վրա, «ազատ և անկախ» Հայաստանի Հանրապետությունում, շարունակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մեկնարկած, հայերի ցեղասպանությունը:
Ժողովուրդը հույսերով էր սպասում Ս. Սարգսյանի նախագահական պաշտոնավարման ժամկետի ավարտին: Սպասում էր հայտարարված նոր սահմանադրության քվեարկությանը, որի համաձայն, Հայաստանը, եվրոպական կառույցների երաշխավորությամբ, անցնելու էր պետության խորհրդարանական կառավարման, որը, իհարկե, ճիշտ չէ: Հույս ունեին, որ մոտենում է ժամը ազատվելու «Սերժ-Սաշիկից» և նրանց թալանչի շրջապատից:
Սակայն ուրախությունը վաղաժամ էր: Չնայած Հայաստանում բարձր պաշտոններ այլևս չզբաղեցնելու խոստմանը, Սերժ Սարգսյանը, հենվելով խորհրդարանում սահմանադրական մեծամասնության աջակցության վրա՝ ի դեմս Հայաստանի հանրապետական կուսակցության, հանրապետության ամենաբարձր գործադիր պաշտոնին առաջադրեց իր թեկնածությունը: Սերժ Սարգսյանն այժմ ապահովեց իրեն հանրապետության ամենաբարձր պաշտոնում: Ընտրազանգվածն այդ խաբեությունը չհանդուրժեց և սկսեց տրտնջալ: Սակայն, չունենալով առաջնորդ, չդիմեց ակտիվ գործողությունների, չնայած հանրապետությունում առկա էր իշխանության խոր ճգնաժամ, որը, փաստորեն, հայտնվեց փողոցում:
Այս անգամ ևս, Ս. Լուրյեի մենագրության տվյալների համաձայն. «Ազատարարի կերպարով…» «ծայրահեղ պահին երկնքից իջնելով և քանդելով անլուծելի խնդիրների կծիկը»` հայտնվեց Նիկոլ Փաշինյանը՝ «Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսով:
Խոստովանենք` իբրև կարգախոս, ատրճանակի կրակոցի նման, կտրուկ և հնչեղ է, ինչպես նաև Ն. Փաշինյանի ընդհանուր իմիջը (տեսքը և վարքը) ընտրվել և իրականացվել է գրագիտորեն՝ համաձայն սոցիալական հոգեբանության կանոնների: Յուրայինների շրջապատում, առայժմ փոքրաթիվ մասնակիցներով, իրականացնելով հետիոտն քայլք Հայաստանի «քաղաքներով և գյուղերով», Մահաթմա Գանդիի հայտնի օրինակով, Ն. Փաշինյանն աստիճանաբար հավաքեց բավական մեծաքանակ ընտրազանգված, որոնց հետ եկավ Երևանի գլխավոր հրապարակ:
Եվ այստեղ բնակչությունն ալեկոծվեց, ասես, «Սերժ-Սաշիկից» ազատվելու երկար սպասված երազանքն իրականանում էր. բավական է միայն դուրս գալ քաղաքի փողոցներ և միանալ բազմամարդ ցույցի մասնակիցներին:
Քաղաքացիական հզոր ճնշման տակ Սերժ Սարգսյանը ստիպված էր հայտարարել հրաժարականի մասին:
Իշխանության բանավոր փոխանցումը իրականացվեց «Արմենիա» հյուրանոցի հյուրասրահում՝ Ն. Փաշինյանի և Ս. Սարգսյանի կարճատև բանակցությունների ընթացքում, որի հիման վրա տվյալ գործողությունը կոչվեց «թավշյա հեղափոխություն»:
Բնական հարց է ծագում. արդյոք Սերժ Սարգսյանը «թավշյա հեղափոխության» հեղինակներից չէ՞: Իհարկե, այո, քանի որ նա ևս ՀՀՇ-ի՝ «Ղարաբաղ» կոմիտեի արտադրանք է, և Լևոնի ու Ռոբերտի գործի շարունակողը:
Այսպիսով, համաժողովրդական էյֆորիայի համապատկերում, հայտարարվեց Հայաստանում անարյուն «թավշյա հեղափոխության» իրականացման մասին:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄ
Բնակչության ցնծությանը չափ ու սահման չկար. մարդիկ ամբողջ գիշեր տոնում էին «ՍՍ»-«Սերժ-Սաշիկ 50%»-ից ազատագրվելու ուրախությունը, որը նույնպես արտահայտում է ընտրազանգվածի վերաբերմունքը գոյություն ունեցող հակաժողովրդական վարչակազմի հանդեպ:
Ս. Սարգսյանի կողմից իշխանության հերթական բռնազավթման փորձից հետո, իշխանությունը, անելանելի վիճակով, հայտնվեց փողոցում, իսկ այն գրավեց լուրջ պետական շինարարության անպատրաստ հանրահավաքային գործիչների հերթական խումբը: Այդպես, իշխանությունը Հայաստանում, պարուրաձև շրջապտույտով, մնաց դարձյալ «փողոցային». Լևոնից՝ Նիկոլ:
«Թավշյա» հեղափոխականների երիտասարդ սերունդը, որը ծնվել է 1990-ական թվականներից հետո, չի տեսել և իր վրա չի զգացել Հայաստանի պատմության ՀՀՇական շրջանի սովի և ցրտի ոսկրոտ մատները և չի պատկերացնում, թե ինչպես իրականացվեց «երևանյան քաղաքակրթության» նպատակաուղղված ոչնչացումը:
Թեև բնակչությունն ազատվել է երրորդ բռնազավթչի ռեժիմից, բայց դա դեռևս խնդրի լուծում չէ: Ինչպես հայտնի է, բռնազավթման փաստն ինքնին զրկում է իշխանությանը օրինականությունից, և հայտարարված «համաժողովրդականությունը» կարիք ունի կարգավորումների:
Հայությունը, 1988-1991 թթ. նմանությամբ, հերթական էյֆորիայի մատնվեց և իրապես հավատաց, որ «ինքն է տերը իր երկրի»:
Հայաստանում ստեղծված իրավիճակի հետագա լուսաբանման համար անհրաժեշտ ենք համարում մի հայացք ձգել տվյալ իրադարձությանը նախորդած ժամանակահատվածին: Հայաստանը, Սովետական Միության բոլոր հանրապետությունների նման, գտնվում է արտասահմանյան վերլուծական կենտրոնների սևեռուն հսկողության տակ: Այդ գործընթացին հատկապես ակտիվորեն է ներգրավված «գունավոր հեղափոխություններ» ոգեշնչող և իրականացնող հայտնի Սորոսի հիմնադրամը՝ իր «Բաց հասարակությամբ»:
Դարձյալ իշխում են աղանդները: Դարձյալ ոտնձգություններ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ: Նախորդ իշխանությունների ոչնչացրած մշակույթը (ժողովրդի հպարտությունը) հոգեվարք է ապրում:
Ռուսերենից թարգմանեց Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մեկնաբանություններ